Կիրակի
«Վեր կաց»…
-Ի՞նչ:
«Վեր կաց, քնելու ժամ չի»:
-Զարթուցիչս չի զանգե՞լ…
«Գիշերը ջարդել ես,
Ժամը 3:00»:
-Էդ ժամի՞ն, բայց ինչո՞ւ էդ ժամին:
«Ես քեզ էդ ժամին պատմում էի
Գիշերվա կախարդանքի մասին»:
- ……………… Դո՞ւ:
« ……...»:
- Էստե՞ղ ես… Էյ:
Մի' գնա, մի քիչ էլ մնա:
Ինչո՞ւ ես գնում, երբ զարթնում եմ:
Հիմա, հիմա նորից աչքերս կփակեմ
Ու դու էլի կգաս…
« ……...»:
- Էստե՞ղ ես…
Կիրակի օրերին միշտ
Գլխապտույտ եմ ունենում:
Հաբերս կտա՞ս:
Էնտեղ՝ դարակի մեջ…
«Կարոտել եմ»:
-Ես էլ, անսահման:
Հիմա գնա, տանջում ես:
Կիրակի օրերին մենակ պիտի մնաս…
«Հաբերդ»:
-Ապրես… էս կիրակին…
«……»:
-Կիրակի օրերին դժվար է վեր կենալ:
Քաղաքն էլ աղմկում է,
Մարդիկ էլի վազքի մեջ են,
Ասես կիրակին ընդհանրապես չկա:
Ես այսօր տանն եմ մնալու,
Պահած գինի էլ ունեմ,
Դեպրեսիան էլ բազմոցին նստած է:
Հետս կխմե՞ս:
Լսո՞ւմ ես…
Գնացի՞ր…
Ըհը: Գնա'ց:
Լռության մեջ շնչառությունն էլ
Ճչացող է…
Լքելով քաղաքը
Գնում են.... Եսիմ ուր:
Ես էլ եմ գնում -
Ձեռքիս մի ճամպրուկ
Մեծ ու ահավոր,
Ներսում՝ թղթեր ու մի գրիչ,
Մի քանի գրքեր,մի շիշ...... ջուր:
Վերջին անգամ եմ ստուգում,
Որ ոչինչ չմոռանամ՝
Ես տեղում եմ,մեխված կոշիկներիս մեջ,
Գլխարկս գլխիս է, ճամպրուկս ձեռքիս:
Գրողը տանի, շոկոլադիս տուփը դատարկ
Ու ճմրթված զիբիլ է դարձել:
Նստարաններին նստոտած մարդիկ -
Սպասում են.....
Ես էլ ստիպված նստում եմ փոշոտ նստարաններից մեկին,
Մաշված բաճկոնիս գրպանից հանում եմ
շոկոլադիս տուփը, խրտխրտացնում՝ քաղցր օրեոն:
Ու ես էլ եմ սպասում....
Առջևումս մի ծեր մարդ ծխում է ոտքը ոտքին գցած ու լուրջ է… ինձ չի նայում:
Ծխի մեջ՝ մարդկանց դեմքեր:
Դեռ սպասում ենք:
Գնում են, եսիմ ուր: Ես էլ եմ գնում....
Դիալոգներ
-Քաշիր աթոռը: Նստիր:
«Հիմա ի՞նչ է պատահել»:
-Դե, նստիր, պարզապես վաղուց չենք զրուցել, չէ՞:
« ……...»:
-Մի լռիր, ամենաշատը ինքդ պիտի խոսես:
Շուրջս ամեն բան սև ու սպիտակ է, ինչպես հին նկարներում: Լա՞վ է էսպես տխուր ձանձրույթը…
«Ինձ որ դուր չի գալիս»:
-Չոր աթոռ է, բայց հենվելու համար հանգիստ է:
«Աթոռը հանգիստ լինո՞ւմ է»:
-Նստած ենք, չես զգո՞ւմ:
«Ես քո ծանրությունն էլ չեմ զգում»:
-Մինչև հիմա չեմ հասկանում, թե դու ու°ր ես: Իմ ներսում ես, սրտիս մոտ… չէ, մի քիչ էլ ձախ…
«Ձա՞խ»:
- Դու իմ ներսի կենտրոնում ես:
«Ինչո՞ւ ենք հավաքվել»:
- Կիսատ-պրատ եմ էսօր:
«Ըհ, ո՞ւր ես մեկ,մեկ թողնում ինձ »:
-Ե՞ս…… Քե՞զ…
«Մենակ թե չասես ես այնտեղ եմ, ուր դու, որովհետև ես քո մարմնի մեջ եմ… Էդ տեսակ պատասխանը չեմ ընդունելու»:
-Էսօր էն օրն է…
«Ո՞ր»:
- Քո հետ խոսելու:
« Ջուր խմի'ր: Հենց մոտդ պակաս բան կա, ես հայտնվում եմ, հենց մենակ ես մնում, ես փորձում եմ հայտնվել, բայց չխոսել, չէ ո°ր չի կարելի ժխոր անել կատարյալ հոգեկան, բարդ, թանձր լռության մեջ: Դու էլ հո լավ գիտես, որ ես քեզ մենակ թողնողը չեմ: Ես քեզ հուշում եմ որը° ընտրես՝ առաջինը, հինգերորդը, թե° ոսկե միջինը:
Որոշել ես լռե°լ»:
- Ես քեզ եմ լսում: Դու շատախոս ես, բայց և ճշմարտախոս, սուտ-մուտ բաներ ինձ չես պատմում: Անկեղծ ես… Մարդ պիտի ինքն իր հետ անկեղծ լինի, որ կողքի ստից թացն ու չորը տարբերի: Էդպե՞ս ա:
«Քո տրամադրությունից գլուխ չեմ հանում»:
-Բայց քեզնից է էդ ամենը կախված: Իրականում դու ես վատանում, որ ես էլ էսպես նստում եմ ու գտնում եմ քեզ… Դու ես իմ մարմնի մեջ, դու ես ինձ շարժում:
«Ես եմ: Բայց և դու' ես: Ինչքա°ն հարցեր ես ինձ տալիս: Վիճում ես: Լռում ես: Աշխարհի, կյանքի, աստծո մասին քո հարցերը անվերջ են: Էլ չասած, որ մեկ,մեկ ձայնդ բարձրացնում ես վրաս, մեղադրում ես, ոգևորում ես…»:
-Ինչ-որ գրքեր կարդալուց ու մի քիչ էլ ավել բան հասկանալ սկսելուց է: Ինչ կատարվում է լրիվ իմ մեջ: Իմ մեջ սկսվում է, իմ մեջ էլ ավարտվում է:
«Էլ ասելու բա՞ն ունես»:
-Ի՞նչ ես ասում, գնանք էն բարձր բլրի վրա, գլորվենք ցած:
« Թա՞ց չի կանաչը»:
- Անձրևներից էլ հոգնել եմ: Բայց արի գնանք: Ծանրություն կա ուսերիս, հասկանո՞ւմ ես: Տարիքային դեբիլ զգացում: Ուզում եմ գլորենք ցած: Ներսիս սերը էնքան շատ է, որ լողում եմ դրա մեջ: Ուզում եմ ներսումս … ըմ, ներսումս…
«Կհիվանդանաս»:
- Ջերմության մեջ կլինեմ ու անշարժ կպառկեմ, մի կետի կնայեմ ու էն լռությունը… ինչպե°ս ասացիր…
« Կատարյալ հոգեկան, բարդ, թանձր լռություն»:
- Հա, դրա մեջ աղմուկ չենք անի… Խենթություններ վաղուց չենք արել, գնացինք:
« Գնանք»:
-Ես ինքս իմ հանդեպ ի'մ սեփական կարծիքը ունեմ, ես քեզ եմ լսում:Կսխալվե°նք: Դու ես մեղավոր, որ սխալ բան հուշեցիր: Ես եմ մեղավոր, որ քեզ լսեցի… բայց արդյունքում՝ սխալվեցի հենց ես իմ մեջ: Ամեն բան իմ մեջ սկսվում է, իմ մեջ էլ ավարտվում է: Վերջակետ: